Երկու ամսով կալանավորված Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները դիմել են դատախազություն, որ դադարեցվի քրեական հետապնդումը: Պնդում են՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որևէ հանցանք չի կատարել: Նա ընդամենն իր քննադատական տեսակետն է հայտնել: Դատախազությունը դեռ չի արձագանքել:
«Ակնհայտ է, որ ուղղորդված են աշխատում ոչ միայն քննչական մարմինը, ոչ միայն դատախազությունը, այլ նաև դատարանը, բայց դա չի նշանակում, որ չպետք է իրավական գործիքակազմն ամբողջությամբ օգտագործել, պետք է լիարժեք բոլոր հնարավոր եղանակներն օգտագործել և դա փորձել նաև բարձրացնել, ավելին՝ ներպետականը սպառելուց հետո նույնիսկ Եվրոպական դատարան և այլն», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Այնինչ, դատախազությունն ընդամենն օրեր առաջ հայտարարել էր, որ հեղաշրջման կոչի հոդվածով կալանավորված Աջապահյանի մեղադրանքի հիմքում հունիսի 21-ին նրա հայտարարությունն է, որով արքեպիսկոպոսը վերահաստատել է դեռ 2024-ի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը:
Փաստաբան Երեմ Սարգսյանն ընդգծում է՝ սա կարծիք արտահայտելու դրսևորում է և ամենևին այն մասին չէ, որ Շիրակի թեմի առաջնորդը մտադիր էր իրագործել իր տեսակետը: Սրբազանին եկեղեցուց բանտ տեղափոխելու ողջ գործընթացն ապօրինի է, շարունակում են պնդել նրա փաստաբանները:
«Այն, որ իրենք սա գիտեն, չի բացառվում, որ իքս պահի գոնե հասկանալով, որ այդ աստիճանի չանեն ապօրինությունները, գոնե որոշակի կերպող մեղմացվեն այս ապօրինությունները, թեկուց տնային կալանքի և այլ իրավիճակի հասնելու: Պետք է անել, չենք կարող մտածել, որ եթե սրանք ապօրինություններ են, ուրեմն չպետք է պայքարենք», - նշեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ենթադրում ենք՝ հատուկ են արել, որ խոսեն, լսեն». Մայր Աթոռի երկու արքեպիսկոպոս՝ ԱԱԾ շենքի նույն բանտախցումՓաստաբան Սարգսյանը դատախազությանը նորից հիշեցնում է ընդամենը երկու տարի առաջ այս կառույցի դիրքորոշումը Աջապահյանի նույն այս խոսքերի վերաբերյալ: Այն ժամանակ էլ էր արքեպիսկոպոսը հեղաշրջման անհրաժեշտությունից խոսել. «Եվ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում, և դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք, չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»:
Աջապահյանի դեռ 2023-ին արած նույն արտահայտության մասին իրավապահներին տեղյակ էր պահել իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, դիմել, որ քրեական գործ հարուցեն, բայց այն ժամանակ դատախազությունը եկեղեցականի կոչի մեջ որևէ խախտում, հանցագործություն չէր տեսել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գալստանյանի, Աջապահյանի ու Կարապետյանի մեղադրանքները՝ մեկ շղթայի մեջ. ՔԿ նախագահ«Եթե դուք սա, պետությո՛ւն, գնահատել ես, որ հանցագործություն չի, երբ փոխում ես քո մոտեցումը, պետք է ծանրակշիռ փաստարկներ ներկայացնես, թե ինչու փոխեցիր, ավելին՝ քաղաքացու, այս դեպքում Միքայել սրբազանի մոտ գալիս է այն լեգիտիմ իրավունքը, ակնկալիքը, որ ինքը նույն բանը երբ ասում է, արդեն հանցագործություն չէ», - շեշտեց Սարգսյանը:
Ընդ որում, գլխավոր դատախազությունն իր վերջին հայտարարության մեջ չէր անդրադարձել իր հասցեին հնչած քննադատությանը, թե 2023-ի կոչը հանցանք չի համարել, բայց 2024-ինն ու այս հունիսինը համարել է:
«Հիմա ո՞նց քաղաքացին մտածի, որ 5 անգամ հանցագործություն չի, 6-րդ անգամը հանցագործություն է: Սա ակնհայտ կամայականության, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդման ամենավառ օրինակն է: Իրենք են դա ասել, հիմա իրենք դրանից հետ են կանգնում», - ասում է Սարգսյանը:
Դատախազությունը նշել էր, որ արքեպիսկոպոսը, որ այս մասին խոսել է 2024-ին, իսկ վերջերս էլ վերահաստատել կարծիքը, ոչ թե հուզական վիճակից ելնելով է դա արել, այլ՝ «գիտակցված ու շարունակաբար», իսկ «այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում»: Այս մասին Հանրայինի եթերում խոսել էր Քննչական կոմիտեի նախագահը:
«Մենք տեսնում ենք, որ օրինակ՝ այն քրեական վարույթով, որ հավաքագրման պրոցես է ընթանում, պլանավորվում է կատարվել ահաբեկչական գործողություններ, իշխանության յուրացում: Ունեինք տվյալներ նաև, որ այս ընթացքում նաև հրապարակվել է, նաև պետք է ներգրավեին որոշ հոգևորականներ»,- ասել էր Արթուր Պողոսյանը:
ՔԿ ղեկավարը պնդել էր, թե Աջապահյանը կապ ունի մյուս եկեղեցականի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա համախոհների կողմից իրականացված առերևույթ հանցագործության հետ, և որ դա նույն շղթայի մեջ է. «Այս իրադրության մեջ մենք ունենում ենք տվյալ, որ Միքայել Աջապահյանը դարձյալ վերահաստատում է իր նախկինում կատարված հայտարարությունը և դարձյալ պնդում է կատարում, որը բնորոշ է հենց այս հանցակազմին: Բնականաբար, մենք ի՞նչ պիտի անեինք, որպես պետական մարմին սա պետք է որպես առիթ դիտարկեինք և նախաձեռնեինք քրեական վարույթ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յոթ Վերք եկեղեցին մարդաշատ է. Գյումրիում ևս պատարագ էՊողոսյանն ասել էր, թե խուզարկության արդյունքում նաև առգրավել են Աջապահյանի օրագիրը, որի բովանդակությունից եզրակացրել են՝ ուղիղ կապ կա «Սրբազան պայքար» շարժման հեղինակի ու գլխավորողի միջև: Թե ով է եկեղեցականներին ներգրավել քաղաքական պայքարի մեջ, Արթուր Պողոսյանը չէր ասել: Աջապահյանի փաստաբանը, սակայն, հերքում է այս կապն ու պնդում՝ իրենց որևէ տվյալ այս մասին չեն հայտնել, իսկ Աջապահյանի օրագրում անձնական տեղեկություններ են, հանդիպումներ այլ եկեղեցականների հետ և այլն:
Մինչ իրավապահները հայտարարում են, թե ծանր հանցագործություններ են կանխել, Աջապահյանի փաստաբանն ասում է՝ նրա դեմ քրեական գործի շինծու լինելը նաև հիմնավորվում է այս կերպ. հունիսի 17-ին հարուցվում է գործը, ինչից մի քանի օր անց՝ հունիսի 21-ին, Աջապահյանը հարցազրույցում վերահաստատում է հեղաշրջման անհրաժեշտությունը, հետո՝ հունիսի 26-ին, նրան մեղադրանք է առաջադրվում: Ստացվում է՝ իրավապահները քրեական գործի հարուցման հիմքում դնում են մի արտահայտություն, որը եկեղեցականն արել է ավելի ուշ, քան հարուցվել է այս քրեական գործը:
Սա արվում է հասարակությանը մանիպուլացնելու, մոլորեցնելու համար, ամփոփում է փաստաբանն ու պնդում՝ իրենց արգելում են մանրամասներ հայտնել գործից, բայց իրավապահները հարցազրույցներ են տալիս ու իշխանական մամուլով տեղեկություններ տարածում: