Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը, լեհական TVP World հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա միաժամանակ շեշտել է, որ պատրաստ են հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը ինքը և Ադրբեջանի արտգործնախարարը նախաստորագրել են Վաշինգտոնում:
«Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները», - ասել է Միրզոյանը։
Բաքուն խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո էլ շարունակում է պահանջել փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ այնտեղ տարածքային պահանջներ տեսնելով, չնայած որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ նման պահանջներ չունի:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ մարտահրավերներ կան, Միրզոյանը պատասխանել է, որ տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաև ծանր հոգեբանական բեռ, և հասարակությունների շրջանում հավանաբաև դեռևս պահպանվում է զգուշավորություն
«Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին», - ընդգծել է նա։