Բաքվի ռազմական դատարանում հարցաքննվել է Բակո Սահակյանը

Բաքվի ռազմական դատարանում այսօր հարցաքննվել է Արցախի երկրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նախկին բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է, ադրբեջանական կողմի ձևակերպմամբ՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իր գործունեությանը վերաբերող դատախազների հարցերին»:

Նույն այդ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահակյանի հարցաքննության ընթացքում ցուցադրվել է տեսագրություն, որում նաև Արցախի երկրորդ նախագահն է եղել։ Իշխանամերձ Kaliber.az լրատվամիջոցը գրում է, որ դատարանում հրապարակված կադրերում զինվորականներ են՝ սեղանի շուրջ քննարկում են փաստաթղթեր և քարտեզ։

Սահակյանը, նույն աղբյուրի պնդմամբ, դարձյալ հաստատել է, որ ինքը մասնակցել է այդ քննարկմանը ու կադրերում ճանաչել մասնակից հրամանատարներին՝ գեներալ Քրիստափոր Իվանյանին, Սամվել Կարապետյանին, Մովսես Հակոբյանին, Սամվել Բաբայանին, Վիտալի Բալասանյանին, Վաչագան Իշխանյանին և այլոց։ Սահակյանն իբրև դատարանում խոստովանել է իր մասնակցությունը Հայաստանի կողմից, Kaliber.az-ի ձևակերպմամբ՝ «Ադրբեջանի տարածքները օկուպացնելու ռազմական գործողություններին ու մարտական առաքելությունների նախապատրաստմանը»։

Դատաքննությունից դեռ կադրեր չեն հրապարակվել։ Սովորաբար դատավարությունների հաջորդ օրն են դրանք հայտնվում համացանցում՝ պետության կողմից վերահսկվող «Ազերթաջն» է հրապարակում։ Սակայն մեղադրյալների ուղիղ խոսքը հնարավոր չի լինում լսել ու ստուգել ադրբեջանական պետական կամ իշխանամերձ լրատվամիջոցների հայտնած տեղեկությունը։

Դրանք ոչ մեկ անգամ հերքվել են հենց գերիների կողմից։ Օրինակ՝ գերության մեջ գտնվող Դավիթ Բաբայանը ընտանիքի հետ զրույցի ընթացքում օրերս հերքել էր «Ազերթաջ»-ի տեղեկությունը, թե իբր ինքը «հայերին է համարել Խոջալուի դեպքերի կազմակերպիչ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Բաբայանը ձայնային հաղորդագրություն է փոխանցել Բաքվից

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատաքննությունից առանձին ընթանում է ընդամենը երեքուկես ամիս Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։

«Ազերթաջ»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դատաքննությանը նաև 93 թվականի մի տեսագրություն է հրապարակվել, որտեղ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է ՝ «Երկրապահների» հետ հանդիպման ընթացքում։ Խոսքը հավանաբար Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի ամիսներ առաջ հրապարակված տեսանյութի մասին է. դրանում Երկրապահի առաջին համագումարում Լևոնի Տեր-Պետրոսյանի ելույթն է։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այդ տեսանյութում Լևոն Տեր-Պետրոսյանը իբր խոսում է Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի մտադրության, նպատակի և պատճառների մասին։ Երկրապահների համագումարին Տեր-Պետրոսյանի հայտարարություններին տարեսկզբին նաև Ադրբեջանի նախագահն էր անդրադարձել՝ Հայաստանի առաջին նախագահին փաստացի մեղադրելով ֆաշիզմի համար։

«Տեսեք Հայաստանի առաջին նախագահի ռասիստական և ֆաշիստական հայտարարությունները։ Դրանք որքան տգեղ են, նույնքան էլ վտանգավոր են։ Նա էթնիկ զտումները ներկայացնում է որպես հպարտության աղբյուր, պարծենում է ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից վտարմամբ», - նշել է Ալիևը:

Իլհամ Ալիևը նաև Տեր-Պետրոսյանի հաջորդած Հայաստանի ղեկավարների էր համարել ֆաշիզմի գաղափարախոսությունը կրողներ՝ սպառնալով՝ այն պետք է ոչնչացվի։ Հայտարարել՝ կամ Հայաստանի ղեկավարությունն այն կոչնչացնի, կամ էլ Ադրբեջանը։ Անդրադառնալով Ալիևի մեղադրանքերին, առաջին նախագահի ղեկավարած կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տարօրինակ էր համարել դրանք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը կրկին հայ ժողովրդին որակել է թշնամի ու պնդել՝ «հայկական ֆաշիզմի նմանն աշխարհը չի տեսել»

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Հայ ռազմագերիներին ծանր մեղադրանքներ են ներկայացված՝ ահաբեկչությունից մինչև ցեղասպանություն: Հայաստանի իշխանությունները համարում են, որ այս դատավարությունը նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության է և ընթանում է կոպտագույն խախտումներով: Իսկ թե ինչ են անում նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, իշխանությունը հրաժարվում է ասել՝ պնդելով, թե չի ցանկանում վնասել հայ գերիներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղի է ունենում արգելված ներգործություն, դա անընդունելի է. Փաշինյանը՝ գերիների մասին