Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է, «Ազատության» հետ զրույցում լուրը հայտնեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 30-ին բավարարեց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվության հարցով գլխավոր դատախազի միջնորդությունը: Դռնփակ նիստում խորհուրդը նաև կասեցրել էր դատավորի լիազորությունները մինչև քրեական վարույթի ավարտը։

Դրան նախորդել էր կաշառք տալու, ստանալու և օժանդակելու դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դատավորին նիստերի դահլիճից դուրս հանելը: Թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում դատավորին, իրավապահները լռում են, Գաբրիելյանը՝ ևս:

Սահմանադրության համաձայն՝ դատավորն օժտված է անձեռնմխելիությամբ։ Դատավորի նկատմամբ հետապնդում կարող է հարուցվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ: