6 հանդիպում և 3 տարի թղթի վրա մնացած պայմանավորվածություններ. Երբ կբացվի Թուրքիայի հետ սահմանը

6 հանդիպում և 3 տարի թղթի վրա մնացած պայմանավորվածություններ: Թուրքիան տարիներ շարունակ այդպես էլ չի կատարում Հայաստանի հետ սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար բացելու խոստումը:

Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երեկա հանդիպումն էլ, ըստ էության, առարկայական որևէ արդյունք չտվեց: Սահմանի բացման մասին հայտարարություն այդպես էլ չեղավ: Պաշտոնական հաղորագրության համաձայն՝ կողմերն ընդամենը համաձայնել են արագացնել այս գործընթացը:

Ընդ որում, թղթի վրա են մնացել ոչ միայն 3 -րդ երկրների դիվանագետների համար սահմանը բացելու խոստումը, այլև Անիի կամուրջը վերանորոգելու պայմանավորվածությունը:

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն առաջին անգամ բանակցությունների համար ժամանեց ՀՀ

Միակ առաջընթացը, թերևս այն էր, որ դեսպան Քըլըչըն առաջին անգամ բանակցությունների համար ժամանեց Երևան՝ Հայաստանի արտգործնախարարության շենք: Մինչ այդ, հանդիպումները անցնում էին սահմանին: Ու թեև երեկվա հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, թե պայմանավորվել են շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց այս հարցում Անկարայի նախապայմանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվելուն պես, Թուրքիան նույնպես արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ», - այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:

Այն, որ Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը սահմանի բացման համար նախապայման է դիտարկում, վերջերս իր հարցազրույցում խոստովանել էր նաև Հայաստանի արտգործնախարարը. «Ինչ-որ լսել ենք Թուրքիայից հետևյալն է՝ մենք խնդիր չունենք, մենք ուզում ենք, պատրաստ ենք բացել սահմանները, հաստատել հարաբերությունները, բայց դա մենք պետք է անենք Հայաստան- Ադրբեջան պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել էր նախարար Միրզոյանը:

Թուրքագետը չի բացառում, որ Թուրքիան նոր նախապայմաններ առաջ կքաշի

Մինչ Թուրքիան սահմանի բացման համար նախապայման է դիտարկում հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը, Բաքուն էլ իր հերթին է փաստաթղթի ստորագրման համար նախապապայմաններ առաջ քաշում՝ պահանջելով Երևանից փոխել երկրի Սահմանադրությունն ու այնտեղից դուրս բերել Անկախության հռչակագիրը, որտեղ հղում կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

«Մենք ունենք նախաստորագրված փաստաթուղթ, բայց Թուրքիան չի շտապում անգամ այդ միջանկյալ պայմանավորվածությունները կատարել», - ասում է թուրքագետ Նելլի Մինասյանը: Նրա համոզմամբ, սակայն, Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը ընդամենը պատրվակ է օգտագործում՝ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար:

Վերլուծաբանի համոզմամբ, եթե Անկարան իսկապես շահագրգռված լիներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ապա խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո կկատարեր այդ փոքր պայմանավորվածությունը և կբացեր սահմանը՝ գոնե 3 -րդ երկրների դիվանագետների համար:

«Թուրքիայի ղեկավարությունը դեռ ձգձգում է սահմանի բացումը, ըստ էության, դա կապելով ոչ միայն Հայաստան-Ադրբեջան գործընթացի հետ, այլև այստեղ ավելի մեծ աշխարհաքաղաքականություն պետք է փորձենք գտնել: Ինչպես իրենց համար բնորոշ է առևտուր բառը պետք է օգտագործեմ, առևտրի որոշակի մաս է դարձնում Միացյալ Նահանգների հետ կապված գործընթացներում», - ասում է թուրքագետը, ով չի բացառում, որ անգամ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ Թուրքիան սահմանը փակ պահի, այդ ժամանակ արդեն նոր նախապայմաններ առաջ քաշելով:

«Թուրքական կողմը կարող է կրկին որոշ նախապայմանների անդրադառնալ: Օրինակ՝ ինչպես Ցեղասպանության խնդիրն է և այլն», - ընդգծում է Նելլի Մինասյանը:

Ընդդիմությունը պնդում է՝ Թուրքիան մտադիր չէ ապաշրջափակել կոմունիկացիաները

Խորհրդարանում այս շաբաթ, երբ ակտիվ քննարկվում էր սահմանների ապաշրջափակման հարցն, ընդդմիությունը պնդում էր, որ Թուրքիան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ և մտադիր չէ ապաշրջափակել կոմունիկացիաները. «22 թվականի հունվարին, երբ Քըլըչ - Ռուբեն Ռուբինյան հանդիպումը եղավ, իշխանությունը հպարտանում էր. տեքստում գրած է առանց նախապայմանների, մենք ասում էինք՝ լսեք, նախապայմաններ կան, մի մասը, ցավոք, կատարվել են, բայց Թուրքիան շարունակելու է խոսել Հայաստանի հետ նախապայմաններով», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այն, որ Թուրքիան նպատակ չունի վերագործարկել Գյումրի-Կարս երկաթգիծը, ցույց է տալիս նոր Կարս- Իգդիր- Արալըք-Դիլիջու երկաթգծի կառուցումը. «3 տարի անցել է, մի դիվանագիտական անձնագրով օտարերկրացի անցե՞լ է, բացի Մարգարայում Քըլըչ-Ռուբինյան հանդիպումը: Հիմա էլ ասում են՝ երկաթգծի տեխնիկական մասն ենք ուսումնասիրում: Մի քանի օր առաջ է եղել, Թուրքիան Կարս-Իգդիր մինչև Նախիջևան երկաթգիծ է սարքում, խաբում են»,- ասում է պատգամավորը:

Թուրքիան իր տարածքով կկարողանա տասնապատիկ մեծացնել ապրանքների թողունակությունը. Քարտեզագետ

Թուրքիայի կողմից նոր կառուցվող Կարս- Իգդիր- Դիլիջու երկաթուղին, քարտեզագետ Սամվել Մելիքսեթյանի խոսքով, գրեթե կրկնում է այն երթուղին, որ գոյություն ուներ դեռ ցարական շրջանից: Խոսքը Գյումրի -Մասիս- Նախիջևան - Ջուլֆա երկաթուղու մասին է, որը 1941-ին Արաքսի ափով նաև միացավ Բաքվին: Եվ հիմա, Թուրքիան կառուցելով նոր ճանապարհ, շրջանցում է գոյություն ունեցողը, այդ կերպ նվազեցնելով Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու հատվածը:

«Եթե դա վերականգնվեր, Կարսի և Բաքվի միջև առկա կապը մոտ 877 կմ-ից մոտ 250-ը անցնելու էր Հայաստանի տարածքով: Իսկ այս պարագայում, երբ իրենք հասնեն Թուրքիայի տարածքով մինչև Նախիջևանի սահման և միանան Նախիջևանի երկաթգծին, անցնելու են ընդամենը 43 կմ», - ընդգծում է Մելիքսեթյանը:

Քարտեզագետը նշում է, որ 2014-ին կատարված միջազգային հաշվարկներով, եթե Մեղրիով անցներ տարեկան մոտ 1.5 միլիոն տոննա բեռ, դա Հայաստանին կտար մոտ 3 միլիոն դոլարի եկամուտ, իսկ եթե Երասխից գնացքը շարունակեր ճանապարհը Գյումրիով դեպի Կարս, ապա Հայաստանը մոտ 40 միլիոն դոլարի եկամուտ կստանար, հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքով հավելյալ 200 կմ ճանապարհ պետք է անցներ:

Գոյություն ունեցողի փոխարեն, նոր երկաթուղի կառուցելու Թուրքիայի որոշումը, ըստ Սամվել Մելիքսեթյանի, և՛ ֆինանսական է, և՛ աշխարհաքաղաքական: Նախ Թուրքիան չի ուզում ավելի շատ կախված լինել Հայաստանից, բացի այդ, նոր երթուղի կառուցելով՝ Թուրքիան իր տարածքով կկարողանա տասնապատիկ մեծացնել ապրանքների թողունակությունը: Մեղրու երկաթուղով, ռելիեֆեով պայմանավորված, հնարավոր չէ տարեկան 15 միլիոն տոննա ապարանք տեղափոխել, իսկ Թուրքիան մտադիր է հենց այդքան ապրանք տեղափոխել՝ օգտագործելով նաև Իրանի երկաթուղին:

Ըստ քարտեզագետի՝ Մեղրիով անցնող ճանապարհի թողունակությունը կախված կլինի վերակառուցվելիք երկաթուղու պարամետրերից: Արդյո՞ք այն կկրկնի խորհրդային ճանապարհի կոնտուրը, թե այն կընդլայնվի՝ ավելացնելով գծերի քանակը, կախված է նաև նրանից, թե ինչպիսի ֆինանսական ներդրումներ կարվեն: