Գյումրիի կենտրոնում տոնական բեմի էկրանին բանտարկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի լուսանկարն է: Քաղաքն առաջին անգամ իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդի: Սա իր տոնական ուղերձում նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է ընդգծել:
«Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որը դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար: Գիտեմ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով», - հայտարարել է ընդդիմադիր քաղաքապետը:
Շիրակի թեմի առաջնորդը երեկ երկու տարվա ազատազրկման դատապարտվեց իշխանության զավթման կոչի մեղադրանքով, թեև այս հոդվածը նաև տուգանք կամ հանրային աշխատանք է սահմանում: Գյումրեցիներից շատերն «Ազատության» հարցման ընթացքում այս վճիռը խայտառակություն են որակել:
«Որ նայում ես, դատական պրակտիկայի մեջ կան մարդիկ, որոնք շատ ավելի ծանր հանցագործությունների համար կա՛մ ընդհանրապես չեն դատապարտվում, կա՛մ ընդամենը սիմվոլիկ պատիժներ են ստանում՝ պայմանական սահմանափակումներով: «Պատվարժան դատավորը» նախընտրեց տարատեսակ պատիժներից ընտրել ամենածանրը: Բոլորս հասկանում ենք շարժառիթները», - ասաց քաղաքացիներից մեկը:
Մյուսն էլ հավելեց. «Պետք է ազատել սրբազանին, սա խայտառակություն է, ուղղակի սրբազանն էլ չպիտի խառնվի երկրի գործերին, զբաղվի եկեղեցու գործերով»:
«Իրավունք չունեն Աջապահյանին տարի տալ, ի՞նչ է արել մարդը», - մեկ այլ գյումրեցու կարծիքն է:
Ոմանք էլ հրաժարվում էին խոսել: «Ազատության» զրուցակիցներից մեկը նկատեց, որ ժամանակին սրբազանի մոտ կանգնած շատ մարդիկ վախենում են որևէ խոսք ասել:
Դատարանի երեկվա վճիռը խիստ քննադատել են մի շարք իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հոգևորականին խղճի բանտարկյալ է համարում: Զարուհի Հովհաննիսյանը վճիռը որակել է դատական համակարգի հերթական խայտառակությունը և խարանը։
«Փաստացի, մենք գործ ունենք արդարադատությունը որպես մահակ գործածելու հերթական դրսևորման հետ։ Որքան էլ խոսենք պատժիչ արդարադատությունից դեպի վերականգնողական արդարադատություն անցման մասին, միևնույն է, դատական համակարգն ազատազրկումն օգտագործում է ըստ հրահանգի», - կարծում է Հովհաննիսյանը։
Պատժաչափից տարակուսած է անգամ Դանիել Իոաննիսյանը, ով ինքն էր առաջին անգամ սրբազանի հարցազրույցից հետո հաղորդում ներկայացրել նրա դեմ:
«Աջապահյանը պատժի չափը ադեկվատ չէ: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքում հանցագործության առկայության մասին գրությունը դեռ անցյալ տարի ստորագրել եմ նույն ձեռքով, որով գրում եմ այս տեքստը։ Այո, ռազմական հեղաշրջման կոչ անելը քրեական օրենսգրքով արգելված ու պատժելի է։ Աջապահյանը կատարել է այդ արարքը։ Բայց, մեղմ ասած, չեմ կարծում, որ նման արարքի համար պետք էր 2 տարի իրական (ոչ պայմանական) բանտարկություն սահմանել։ Աջապահյանի պատժի չափը ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է», - գրել է նա սոցիալական ցանցում։
61-ամյա հոգևորականը դատապարտվեց մոտ երկու տարի առաջ տված մի հարցազրույցի համար, որում խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Այդ ժամանակ, երբ Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել, դատախազությունը հանցակազմ չէր տեսել, և քրեական գործ հարուցվեց միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի և կաթողիկոսի դեմ։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս դատապարտում են դատարանի վճիռը՝ սա համարելով քաղաքական հետապնդում: Ընդ որում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ Միքայել Աջապահյանը հատուկ հաշվարկով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
«Կարծիք, որ սրբազանը մինչև ընտրությունները ազատ խոսք չունենալու համար է այս ազատազրկման ժամկետը, կիսաճշմարտություն է, որովհետև սրբազանի դատապարտումը մեկ բանի հետ է կապված, որ նա չկարողանա առաջադրվել որևէ պարագայում, որովհետև նա կարող է լինել ազգային համախմբման, միասնականության սիմվոլիկ մի առաջնորդ: Որպեսզի դա թույլ չտան, նրան դատապարտում են ազատազրկման և այդ հիմքով օրենսդրությամբ նա կորցնում է ընտրելու իրավունքը, իսկ այդ ընթացքում կորցնել ընտրելու իրավունքը նշանակում է նաև չունենալ առաջադրվելու իրավունք՝ դատապարտված պատիժը կրող ՀՀ քաղաքացիները չեն կարող քվեարկել և քվեարկվել, այստեղ է գաղտնիքը: Այդ սցենարը կանխելու համար իշխանությունը նրան դատապարտում է ազատազրկման 2 տարի, որը, բոլոր հաշվարկներով, կորցնում է այդ հնարավորությունը», - համոզված է Մարուքյանը:
Հուլիսին կալանավորումից հետո ընդդիմադիրներն առաջարկել էին, որ արքեպիսկոպոսը դառնար իրենց վարչապետի թեկնածուն, բայց սրբազանը մերժել էր:
Դատարանի երեկվա վճիռը կբողոքարկվի, ըստ փաստաբանական թիմի՝ 1.5 ամիս տևած դատավարությունը բազմաթիվ խախտումներով է ընթացել, իսկ վճիռը հրապարակելիս դատավորը քրեական օրենսգրքի բոլորովին այլ հոդվածի համար ընթերցեց:
Միքայել սրբազանի իրավունքների համար, այդ թվում՝ միջազգային գործիքակազմով, կպայքարի նաև Մայր աթոռը, որն այս վճիռը համարել էր «քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույց, խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր»:
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետ Փաշինյանն առայժմ չի անդրադարձել իշխանության հասցեին քննադատություններին: