Ազգային ժողովի նախագահի ու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի միջև հեռակա բանավեճ է սկսվել: Անդրանիկ Քոչարյանը կտրականապես չի ընդունում Ալեն Սիմոնյանի պնդումը, թե իրավական հիմք չկա 44-օրյա պատերազմի զեկույցը լիագումար նիստում քննարկելու համար:
Սիմոնյանն «Ազատությանն» այսօր էլ ասել է, որ զեկույցը կքննարկվի, բայց փակ լսումների ընթացքում։
«Եթե լիագումար չի մտնում, ինքն առկախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է՝ զեկույցը գոյություն ունի, և օրենքի պահանջն է, սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է՝ զեկույցը գոյություն չունի։ Այսինքն՝ եթե ասում ենք, որ ժամկետն անց է, և զեկույցը արդեն չի կարող գոյություն ունենալ, նշանակում է՝ զեկույցը չկա, ի՞նչն ենք զեկուցելու», - շեշտել է Անդրանիկ Քոչարյանը:
Ազգային ժողովի նախագահը երեկ էր հայտնել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ չի կարող մտնել, քանի որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձաժողովի ժամկետը լրացել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը չի մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգՍիմոնյանն ասածը հիմնավորել էր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովից, իրավաբանական վարչությունից, քարտուղարությունից ստացած կարծիքներով, հայտարարել՝ ինքն անձամբ էլ է այդ տեսակետին։ Ըստ Ազգային ժողովի աշխատակազմի՝ հանձնաժողովի ժամկետն ավարտվել է դեռ 2023-ի նոյեմբերին:
«Երկուսուկես տարուց ավելի է անցել: Այդ ժամկետը հանձնաժողովի չի տրվում մի... հարցը խախտելը չէ, հարցն այն է, որ իրոք գործն այնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է իրենից վերցրել, և պարոն Քոչարյանին ես ոչ մի բանի մեջ այս առումով չեմ մեղադրում», - ասում է ԱԺ նախագահը:
Անդրանիկ Քոչարյանը պնդում է. «Եթե խախտվել է նաև քառօրյայի ժամանակ, նույն մեր քարտուղարության ղեկավարը ինչո՞ւ այն ժամանակ չի ասել, որ խախտվել է»:
Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է՝ երկու անգամ ևս վեց ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի՝ հանձնաժողովի լիազորությունների առավելագույն ժամկետը մեկուկես տարի է։ Եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվում, հանձնաժողովի լիազորությունները համարվում են ավարտված:
Ի դեպ, չնայած Քոչարյանը պնդում է, թե Սիմոնյանի հետ իրավական բանավեճ է, «Ֆակտորի» հետ հարցազրույցում մի քանի օր առաջ ակնարկում էր՝ եթե ի վերջո զեկույցը չմտնի լիագումարի օրակարգ, ուրեմն կասկածները, թե Սիմոնյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով է դա արել, կհաստատվեն։
Քննիչ հանձնաժողովում հարցաքննվել են ներկա ու նախկին պաշտոնյաններ, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան զինվորականներ՝ պատերազմի օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, Գլխավոր շտաբի գործող ղեկավար Էդվարդ Ասրյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ն չի կանխատեսել, որ Թուրքիայի ԶՈւ-ն ևս ուղիղ ներգրավված կլինեն Արցախի դեմ պատերազմում. Տոնոյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամները Զոհրաբ Մնացականյանից «ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները»Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պնդում է, թե զեկույցում պատասխաններ կան 44-օրյա պատերազմի պարտության պատճառների մասին. «Զեկույցի պատրաստելու ընթացքում նաև գլխավոր դատախազին մի հսկա կտոր արդեն ուսումնասիրված ... հատվածը ուղարկել են գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն և ընթացք տան այդ երևույթների նկատմամբ»։
Իշխանության նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքը ընդդիմադիրները բոյկոտել էին։ Նրանց պնդմամբ՝ պատերազմի պարտության պատասխանատուները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել: