Խորհրդարանում այսօր գրեթե ամբողջ օրվա ընթացքում իշխանությունը ընդդիմությանն էր մեղադրում կոռուպցիայի մեջ, ընդդիմությունն էլ հակադարձում էր՝ բացի կոռուպցիայի մասին մեղադրանքներից, անցած 7 տարիների ընթացքում Փաշինյանի իշխանությունն այդպես էլ ոչ մի հաջողություն չարձանագրեց: Փոխադարձ մեղադրանքների հերթական առիթը Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի 2024 թվականի զեկույցն էր:
«Դուք էիք գեներացնում՝ Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլարի կարողություն ունի: Հիմա հանրությանը պատասխանեք՝ ո՞ւր է էդ 4 միլիարդը, ո՞ւր է, օդում է՞, թե՞ չկա», - իշխանականներին հարց ուղղեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Էդ 4 միլիարդ դոլարի լուրը տարածվել ա Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, օդում կախված լուրերին՝ փեսա Միշիկի հովանավորչությամբ», - արձագանքեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ և ներկաներ», - վստահեցրեց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
«Թուրքերը մինչև հիմա Ջերմուկում են, Շուռնուխում են ի դեպ, Արցախը բռնազավթված և հայաթափված է: Մի հաջողություն ասեք, որի մասին կարող եք բարձրաձայնել, չկա էդ ամեն ինչը, չկա: Եվ դրա համար սկսվում ա էս ամեն ինչը՝ բոլորը թալանչի են, բոլորը հանցագործ են, բոլորը էս են, բոլորը էն են», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության մեկ այլ դաշնակցական պատգամավոր՝ Արթուր Խաչատրյանը և հավելեց. - «Դուք 7 տարի լինելով իշխանություն՝ ձեր էությամբ մնացել եք դեստրուկտիվ, ապակառուցողական, հայհոյող ընդդիմություն»:
Փոխքաղաքապետի հոր 1.5 մլրդ դրամի վարկը, ԱԺ 100 հազար դոլարանոց սրճարանն ու չխկչխկան խաղալիքները. ընդդիմադիր պատգամավորը հաղորդում ներկայացրեց հանցանքի մասին
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ իշխանականների կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքների մասին մի շարք հարցեր ուղղեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Օրինակ՝ ինչպե՞ս է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը 2023-ին 40 հեկտար հող ձեռք բերել Արմավիրի մարզում, ինչպե՞ս է 71-ամյա Փամբուխչյանը «Ամերիաբանկ»-ից ստացել 1.5 միլիարդ դրամի վարկ, ապա ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում ստացել պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններով մարի և դեղձի այգիներ հիմնի:
«Պարոն Նահապետյան, քանի՞ թոշակառու եք ճանաչում, որը կարող է բանկից 1.5 միլիարդ դրամի վարկ ստանալ, և պետությունն էլ իրեն սուբսիդավորի, որ էդ վարկը արտոնյալ պայմաններով մարի: Ես կարծում եմ, որ Դուք էլ չեք ճանաչում, այնպես ինչպես ես էլ չեմ ճանաչում, որովհետև թոշակառուներին անգամ հեռախոսի ապառիկ չեն տալիս բանկերը», - նշեց Թովմասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև Ազգային ժողովում կառուցված սրճարանի կոռուպցիոն ռիսկերի մասին, հարցնելով, թե ո՞վ է որոշել, որ դրա համար պետք է ծախսվի ավելի քան 100 հազար դոլար:
«Եվ ուզում եմ համեմատության համար ասել, որ, օրինակ, էդ 100 հազար դոլարանոց սրճարանը կարող էր օգնել Վարդենիսի ավագ դպրոցի փլատակներից գոնե մի դասասենյակը նորոգելու համար: Ճաշակի հարց է, ինչպես ասում են», - նշեց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև Ազգային ժողովի գնումներին, պնդելով՝ իր ձեռքի տակ եղած երկու տասնյակից ավելի փաստաթղթերը վկայում են, որ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը, ով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմն է, առանց հրապարակային հաշվետվության, պետբյուջեի գումարները շռայլորեն ծախսում է՝ չներկայացնելով, թե ինչ կարիքների համար. - «Եվ այսպես՝ 2024 թվականի հունվար, մայիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ազգային ժողովը գնել է 908 շիշ կոնյակ՝ տարբեր տեսակի, դրա համար Հայաստանի հպարտ հարկատուները վճարել են 16 միլիոն և 635 հազար դրամ: Ի՞նչ անհրաժեշտությամբ են գնվել կոնյակները, ո՞ւմ են նվիրել, ո՞վ է որոշել ինչքան պետք է գնի, էս մասով որևէ թափանցիկություն չկա: ... Էլ չեմ ասում էն օրորոցային չխկչխկան խաղալիքների մասին, որոնք առել էր Ազգային ժողովը պետության միջոցներով»:
Թագուհի Թովմասյանը խորհրդարանում այս ամենի մասին բարձրաձայնելուց հետո, ավելի ուշ «Ազատությանը» փոխանցեց, որ հանցանքի մասին հաղորդումն արդեն ներկայացրել է, և Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քննիչն անհապաղ, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է կազմի քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն:
Թովմասյանի այս ելույթն անարձագանք չմնաց: Նրան հակադարձեց Հայկ Կոնջորյանը՝ հարցնելով, թե ինչպե՞ս է ընդդիմադիր պատգամավորը հասցրել երեք տուն ձեռք բերել: Ի դեպ, Թովմասյանն այսօր նաև խոսել էր ՔՊ-ական Կոնջորյանի կնոջ կարիերայի կտրուկ աճի և «Հայփոստ»-ի տնօրեն դառնալու մասին:
«Ձեր ապրած կյանքը նայեք, ձեր անցած ճանապարհը նայեք, ձեր շուրջբոլորը նայեք, ցեխի մեջից մի հատ դուրս եկեք ձեզ մաքրեք մի հատ լվացվեք, նոր էկեք մարդկանց կոռուպցիայի մեջ մեղադրեք», - հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավարը:
Կոնջորյանին նաև նյարդայնացրել էր ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից հիմնադրված «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որտեղ նա Ազգային ժողովի հայտնի սրճաանում թզբեհ՝ համրիչ է խաղացնում:
«Համրիչը ինձ մեկ-մեկ օգնում ա, որպեսզի ես կենտրոնանամ, հա: Քաշում եմ համրիչը, որ հետո գամ և քաշեմ քո շեֆերի սանձերը», - ասաց իշխանական խմբակցության ղեկավարը:
Իշխանականների և ընդդիմադիրների՝ միմյանց ուղղված մեղադրանքներից հետո, ընդամենը երկու ամիս առաջ նշանակված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շտապեց վստահեցնել՝ իր համար նախկիններ ու ներկաներ չկան, բայցև շեշտեց՝ ընդդիմադիրների պնդումները բավարար չեն՝ ասելու, որ կա կոռուպցիոն հանցանք:
«Աշխատանքային առաջխաղացումը, գնումների թափանցիկությունը, 71-ամյա քաղաքացուն վարկ տրամադրելը՝ սրանք ինքնին բավարար չեն, որ մենք քրեաիրավական իմաստով ասենք, որ ունենք կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ դեպք», - ասաց Արթուր Նահապետյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն ընդդիմադիր պատգամավորներին հորդորեց կոռուպցիոն հանցագործությունների մասին տվյալներ ունենալու դեպքում գրավոր հաղորդում ներկայացնել. - «Ես ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ, որ այդ դեպքերից յուրաքանչյուրով կիրականացվի համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն»:
Սրանից ավելին, Նահապետյանն ասաց՝ խոստանալ չի կարող: