Թբիլիսիում լարված իրավիճակ է. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում (լրացված)

21:50

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով՝ «բողոքի ակցիայի մասնակիցների անօրինական գործողությունների, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա տարբեր առարկաներ նետելու հետևանքով վնասվածքներ է ստացել ՆԳՆ 14 աշխատակից, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում»։

21:08

Թբիլիսիի նախագահական նստավայրի մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ցուցարարների մի մասը բարիկադներ է կառուցում։ Արձանագրվել են ակցիայի մասնակիցների ձերբակալություններ, սակայն ստույգ թիվ ՆԳՆ-ն չի հայտնել:

20:50

Իրավիճակը տեղում՝

19:59

Բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև:

Ոստիկանությունը շարունակում է ջրցան մեքենա կիրառել:

19:40

Հատուկ նշանակության ուժերը սկսել են ջրցան մեքենաներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար:

19:21

Թբիլիսիի նախագահական նստավայրի մոտ (Օրբելիանի պալատ), ընդդիմադիրների հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հայտնում է, որ ցուցարարները փորձում են մտնել նախագահական նստավայր, տեղում ցանկապատը կոտրված է, հատուկջոկատայինները փորձում են նրանց դուրս մղել պղպեղի սփրեյի միջոցով:

Կան տուժածներ։

Նշվում է, որ նախքան Օրբելիանի պալատ շարժվելը «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներից Մուրթազ Զոդելավան ասել է, որ «այսօր կսկսի գործել տղամարդկային ուժը», և որ կպահանջեն նախագահական նստավայրի բանալիները:

«Դա կլինի առաջին քայլը», - ասել է նա:

Ցուցարարները՝ Ազատության հրապարակում նախքան Օրբելիանի քայլելը, Թբիլիսի

Այսօր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնց մասնակցում է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, սակայն առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։ Ընդդիմությունը հայտարարել է «կառավարության խաղաղ տապալման» ծրագրերի մասին։

Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ի պատասխան զգուշացրել է՝ «յուրաքանչյուր փոքրիկ անակնկալի» կպատասխանեն «մեծ անակնկալով»։

Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում արդեն գրեթե մեկ տարի. Թբիլիսիում խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո սկսված ցույցերը նոր թափ հավաքեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։