Երկուսուկես ժամ տևած քննարկում ու ոչ մի համաձայնություն. Քասախի և Պռոշյանի մի խումբ բնակիչներ տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ հանդիպման կեսից հուսահատվեցին, ավարտին վրդովվեցին, հեռացան՝ «ի՞նչու եկանք» հարցով։
«Ոչ մի հարցի պատասխան չի տրվել», - ասաց Պռոշյանի բնակիչ Մարիամ Պետորսյանը:
Հարցերն առանձնապես շատ չէին։ Այս համայնքների բնակիչները խնդրում են, որ կառավարությունը տրանսպորտային բարեփոխումների շրջանակում իրենց «տառապանք չպատճառի»:
Պռոշյանը սպասարկվում է մայրաքաղաքային 25 համարի, իսկ Քասախը՝ 59 համարի ավտոբուսներով։ Տարածքային կառավարման նախարարությունում որոշել են, որ պռոշյանցիներին ու քասախցիներին Երևան կտանեն կբերեն երեք տարի առաջ մարզային օպերատորի մրցույթում հաղթած «Մուլտիտրանսպորտ» ընկերության միկրոավտոբուսները, իսկ երկու երևանյան ավտոբուսները այս գյուղեր մտնելու իրավունք չունեն:
«Պռոշյանն ու Քասախը չեն գտնվում Երևան համայնքում», - ասաց փոխնախարար Սիմոնյանը:
Օրենքն արգելում է, որ երևանյան ավտոբուսը մտնի մարզեր: Մինչև այժմ ինչպե՞ս է մտել, այս հարցի պատասխանը չկա: Բնակիչների խնդրանքն էր, որ այդ ավտոբուսները մի քանի հարյուր մետր՝ գյուղ մտնեն: Խնդիրն այն է, որ Պռոշյանի ավտոբուսը մետրոյի «Բարեկամության» կայարանով մինչև Հաղթանակի զբոսայգի է հասնում, Քասախինը՝ Մալաթիա Սեբաստիայով Արգավանդ, իսկ այս նոր միկրոավտոբուսները իրենց կհասցնեն մինչև Ֆիզիկայի ինստիտոտի խաչմերուկ, մարդիկ ստիպված մի քանի տրանսպորտ են փոխելու՝ վճարելով ավելի շատ:
Փոխնախարար Արմեն Սիմոնյանի առաջարկն այն է, որ այս գյուղերի բնակիչները քայլեն մինչև մայրուղի, այնտեղ, որտեղ կլինի ավտոբուսների վերջնակետը:
Քասախցի Անահիտ Խաչատրյանը տարակուսես՝ մի՞թե խոսքը քայլել ցանկանալու կամ չցանկանալու մասին է:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.