«Ես դատավորի դեր չեմ ստանձնելու», - այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Նոր Նորքի թաղապետարանում անցած շաբաթ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
«Կա քրեական գործ, և այդ գործի քննությունը ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ. կան անձինք, որոնք ներգրավված են խուլիգանության հոդվածով և վարույթ է իրականացվում», - նշեց Ավինյանը:
Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու: «Ազատության» տեղեկություններով՝ նրանցից մեկը թաղապետն է:
Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանը, որ թաղապետարանում հարվածներ էր ստացել այդ թվում թաղապետից, մեղադրյալ է մեկ այլ գործով: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության համար: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: