Աղմուկը սկսվեց Տեր հոր կողմից մկրտության արարողության ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման ու դրսևորված կամայականության փաստից. Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը Հովհաննավանքի քահանայի շուրջ պայթած սկանդալից 12 օր անց հայտարարություն է տարածել։ Այստեղ պարզաբանում է, թե ինչ է տեղի ունեցել թեմի առաջնորդի ու Տեր Արամ քահանայի միջև՝ մինչև վերջինս կսկսեր սոցցանցային գրառումները եկեղեցական վարքերի ծանր քննադատությամբ։
«Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը խախտելու պատճառով Թեմակալ Առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից Տ. Արամ քահանան ենթարկվել է կարգապահական նկատողության։ Նրան հանձնարարվել է տասն օր ներկա գտնվել Առավոտյան և Երեկոյան ժամերգություններին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում և ձեռնպահ մնալ խորհրդակատարություններ մատուցելուց», - ասված է հայտարարությունում։
Թեմից ընդգծում են՝ Տեր հայրն ընդունել ու կատարել է այս որոշումը։ Անհասկանալի են համարում նրա ֆեյսբուքյան հրապարակումները։ Ի դեպ՝ դրանցում ներկայացված մեղադրանքներին չեն անդրադառնում։
Քահանայական կամայականություն են համարել երեխայի մկրտության դրվագը, որտեղ Տեր Արամը Մյուռոնը փոքրիկի խաղալիք կռունկի վրա է տեղադրում ու խաղալով էլ օծում։ Մյուռոնը Սուրբ Հոգու խորհրդանիշ է, ու Մայր Աթոռը անընդունելի է համարել այս տեսարանը։
Արագածոտնի թեմի հայտարարության մեջ նաև տարակուսանք ենք տեսնում։ Քահանան մինչև հրապարակային քննադատությանն անցնելը եկեղեցական որևէ ատյանի չի դիմել իրեն հուզող այդ հարցերի առիթով, իսկ Տեր Արամին հուզող հարցերը եկեղեցական բարքերն են, կուսակրոնների խտրական վերաբերմունքն ամուսնացյալ քահանաների հանդեպ, սպառնալիքները ուղղված համարձակ քահանաներին։
Ինքը լրագրողներին հարցազրույց չի տալիս, չի մանրամասնում, թե ովքեր են իրեն հալածող հոգևորականները։
Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթաց սկսած Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է՝ Տեր Արամի ու նրա նման հոգևորականների թիկունքին է, հոգևոր նորոգումն է իրենց ընդհանուր օրակարգը, իսկ հոգևոր վերնախավի որոշ եպիսկոպոսներ Հովհաննավանքի քահանայի անակնկալ քննադատության հետևում իշխանական հետք են տեսնում։
Նիկոլ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի չորրորդ ամիսն է. Մայր Աթոռ-իշխանականներ փոխհրաձգությունը շարունակվում է առանց հրադադարի նշանների։
«Կտրիճ Ներսիսյանը բազմիցս ցույց է տվել, որ Հայ առաքելական եկեղեցին իր համար ընդամենը գործիք է այս կամ այն քաղաքական ուժին ծառայելու։ Սրա մասին են վկայում 21-ի ընտրություններին նույն Մայր Աթոռում Կտրիճի կողմից Քոչարյանի դաշինքի լոգոները կպցնելը եկեղեցում, Մայր Աթոռի ներսում հենց», - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի այս հայտարարությանն ի պատասխան Մայր Աթոռից այսօր պարզաբանել են՝ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ: Պատգամավորը հերյուրական ու զրպարտիչ հայտարարություն է անում։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ։ Սրբավայրերի մասին նման անարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր մեր ժողովրդի հոգևոր և նվիրական զգացումները», - ասված է հայտարարությունում։
Վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ Վեհափառին հեռացնելու են Էջմիածնի կենտրոնական հրապարակում հրավիրելիք հոգևոր հավաքի շրջանակներում։ Սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, մի հավաք է լինելու, որի ամբիոնին կարող են մոտենալ միայն Հայ առաքելական եկեղեցու իսկական ու իր կողմից ստուգված հավատացյալները։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր դարձյալ կոչ է արել մարդկանց չմասնակցել Էջմիածնի այդ հավաքին, գրել է դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար։ Տեր-Պետրոսյանը վարչապետին «Հայաստանի փաշտա Նիկոլայ» է անվանել: «Ծերունախտով տառապող մարդ», - չի ուշացել ՔՊ-ական Ռուբինյանի արձագանքը։