Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մոտավոր ժամկետներ է նշում՝ երբ կարող է տեղի ունենալ հայ - ադրբեջանական ապաշրջափակումը: Լեհական Հանրային հեռուստաալիքի հետ զրույցում նախարարը մասնագետներին է հղում արել, թե երկաթուղու կառուցման համար նրանք առնվազն երկամյա ժամկետ են նշել, բայց Երևանն, ըստ պաշտոնյայի, շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը հնարավորինս շուտ բացելու հարցում:
Միրզոյանը նաև հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծման մասին է ազդարարել, որը կլինի TRIPP-ով երկաթգծի շինարարն ու հիմնական օպերատորը։ Հենց այդ ընկերությունն էլ պետք է որոշի այն երրորդ կողմերին՝ ընկերություններին, որոնք պետք է տեղում աշխատեն, ծառայություններ մատուցեն:
«Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքներն ու տարածքը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Ըստ վաշինգտոնյան պայմանավորվածության, հայ - ադրբեջանական հաղորդակցությունների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգմամբ: Ադրբեջանը Հայաստանի տարածքով կստանա դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն, Հայաստանը՝ փոխադարձ առավելություններով հաղորդակցություն:
Այս պայմանավորվածությունից հետո ադրբեջանցիները շարունակեցին օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը: Դա նախ խիստ զայրացրեց Նիկոլ Փաշինյանին, նա տարածքային նկրտումներից խոսեց, բացատրություն պահանջեց, բայց հրապարակային արձագանքի բացակայության պայմաններում ինքն էլ փակեց թեման, թե իր ընկալմամբ՝ «երբ Ադրբեջան ասում է «Զանգեզուրի միջանցք», նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը»:
«Թրամփի ուղու» սկզբունքները համաձայնեցված են, բայց տեխնիկական խնդիրները դեռ պետք է քննարկվեն, ընդ որում՝ թե՛ Ադրբեջանի, թե Միացյալ Նահանգների հետ, որովհետև Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի կապը Հայաստանի տարածքով ապահովող TRIPP-ը Երևանն ու Վաշինգտոնը միասին պետք է կյանքի կոչեն, նաև երրորդ կողմեր ներգրավվելով, եթե Հայաստանն ու Ամերիկան համաձայնության գան:
ԱՄՆ դեսպանատունն այսօր հայտնեց, որ չորս օր առաջ Երևան է եկել Միացյալ Նահանգների Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը՝ մինչև հոկտեմբերի 11-ը կարողությունների գնահատման, բարելավման կարիք ունեցող ուղղությունները բացահայտելու համար կաշխատեն Հայաստանի սահմանապահների հետ: Այս վերլուծության արդյունքում էլ, ըստ հաղորդագրության, կհստակեցվեն ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։
Խումբը, դատելով դեսպանատան հրապարակած լուսանկարից, 5-հոգանոց է: Նրանց այցը, ըստ ԱՄՆ դեսպանատան, առաջին քայլն է «Խաղաղության խաչմերուկի» կարողությունների զարգացման մասին հայ-ամերիկյան հուշագրի իրականացման ճանապարհին:
Արտգործնախարարը երևանյան այդ քննարկումներից փակագծեր է բացել. - «Այժմ մենք Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը»։