Երևանը շահագրգռված է՝ հնարավորինս շուտ բացելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մոտավոր ժամկետներ է նշում՝ երբ կարող է տեղի ունենալ հայ - ադրբեջանական ապաշրջափակումը: Լեհական Հանրային հեռուստաալիքի հետ զրույցում նախարարը մասնագետներին է հղում արել, թե երկաթուղու կառուցման համար նրանք առնվազն երկամյա ժամկետ են նշում, բայց Երևանն, ըստ պաշտոնյայի, շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը հնարավորինս շուտ բացելու հարցում:

Միրզոյանը նաև հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծման մասին է ազդարարել, որը կլինի TRIPP-ով երկաթգծի շինարարն ու հիմնական օպերատորը։ Հենց այդ ընկերությունն էլ պետք է որոշի այն երրորդ կողմերին՝ ընկերություններին, որոնք պետք է տեղում աշխատեն, ծառայություններ մատուցեն:

«Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքներն ու տարածքը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ըստ վաշինգտոնյան պայմանավորվածության, հայ - ադրբեջանական հաղորդակցությունների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգմամբ: Ադրբեջանը Հայաստանի տարածքով կստանա դեպի Նախիջևան անխոչընդոտ, Հայաստանը՝ փոխադարձ առավելություններով հաղորդակցություն:

Այս պայմանավորվածությունից հետո ադրբեջանցիները շարունակեցին օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը: Դա նախ խիստ զայրացրեց Նիկոլ Փաշինյանին, նա տարածքային նկրտումներից խոսեց, բացատրություն պահանջեց, բայց հրապարակային արձագանքի բացակայության պայմաններում ինքն էլ փակեց թեման, թե իր ընկալմամբ՝ «երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուրի միջանցք», նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հորադիզ-Զանգելանը» երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք». Փաշինյանը պարզաբանել է Ալիևի մտքերըՓաշինյան. Եթե Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցք» կոչում են Հորադիզ–Զանգելան ճանապարհը, մենք պետք է մեզ հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ էՓաշինյան. «Զանգեզուրի միջանցք» չկա, չի եղել և չի լինի Հայաստան-Ադրբեջան որևէ փաստաթղթումՈրևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից. Փաշինյան«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից». Փաշինյան

Երևան է եկել ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը

«Թրամփի ուղու» սկզբունքները համաձայնեցված են, բայց տեխնիկական խնդիրները դեռ պետք է քննարկվեն, ընդ որում՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ, որովհետև Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի կապը Հայաստանի տարածքով ապահովող TRIPP-ը Երևանն ու Վաշինգտոնը միասին պետք է կյանքի կոչեն, նաև երրորդ կողմերի ներգրավելով, եթե Հայաստանն ու Ամերիկան համաձայնության գան:

ԱՄՆ դեսպանատունն այսօր հայտնեց, որ չորս օր առաջ Երևան է եկել Միացյալ Նահանգների Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը՝ մինչև հոկտեմբերի 11-ը կարողությունների գնահատման, բարելավման կարիք ունեցող ուղղությունները բացահայտելու համար կաշխատեն Հայաստանի սահմանապահների հետ: Այս վերլուծության արդյունքում էլ, ըստ հաղորդագրության, կհստակեցվեն ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։

Խումբը, դատելով դեսպանատան հրապարակած լուսանկարից, 5-հոգանոց է: Նրանց այցը, ըստ ԱՄՆ դեսպանատան, առաջին քայլն է «Խաղաղության խաչմերուկի» կարողությունների զարգացման մասին հայ-ամերիկյան հուշագրի իրականացման ճանապարհին:

Արտգործնախարարը երևանյան այդ քննարկումներից փակագծեր է բացել. - «Այժմ մենք Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Մենք արդեն սկսել ենք քննարկումները մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնյան հուշագրի 1-ին քայլը. ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահների հետ«Թրամփի ուղուն» մասնակցելու համար երրորդ երկրները պետք է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համաձայնությունը ստանան. վարչապետՄիրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են «Թրամփի ուղի» ծրագիրը

Երևանում չեն կիսում Բաքվի նախապայմանների օրակարգը

Արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է Նախիջևանի տարածքն օգտագործել Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։

Չնայած 2021-ին խոսվեց Նախիջևանով Արարատի ու Սյունիքի մարզերը կապող երկաթուղու՝ Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքների մասին, բայց հայտարարություններից այն կողմ հարցն առաջ չգնաց: Այն ժամանակ հայ - ադրբեջանական ապաշրջափակման բանակցությունները ռուսական միջնորդությամբ էին ընթանում:

Չորս տարի առաջ հայկական կողմի հաշվարկներով Մեղրիի 45-կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենար մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունն էլ կարող էր տևել շուրջ երեք տարի:

Իշխանությունից դեռևս ձեռնպահ են մնում այսօրվա հաշվարկներից խոսել: Մասնագետներն էլ դժվարանում են ասել՝ այժմ երբ երկու տարի է նշվում, արդյոք այդ ժամանակահատվածը ռեալ է:

Ալիևը վերջերս հայտարարել էր, թե ադրբեջանական կողմում երկաթգծի շինարարությունը մոտենում է ավարտին, ու դատելով կողմերի հայտարարություններից՝ առաջինը բացվող ենթակառուցվածքը հենց երկաթուղին կարող է լինել:

Բայց վաշինգտոնյան պայմանավորվածություններից երկու ամիս անց էլ պարզ չէ՝ Երևանն ու Բաքուն անցման պայմանների վերաբերյալ բանակցություններ արդյոք սկսել են:

Դիվանագիտական հարաբերություններ Երևանն ու Բաքուն պարտավորվում են հաստատել խաղաղության պայմանագրով, որի ստորագրման ադրբեջանական նախապայմանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելն է:

Լեհական լրատվամիջոցին տված հարցազրույցում արտգործնախարար Միրզոյանը հայտարարել է, թե չեն կիսում Ադրբեջանի նախապայմանների օրակարգը:

Երևանը պնդում է, թե Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է, բայց վարչապետ Փաշինյանն արդեն ժամկետներ է նշել, թե առաջիկա ընտրություններում հաղթանակից հետո հանրաքվե կնախաձեռնի: Ընդ որում, վարչապետի կարծիքով՝ նոր Սահմանադրությունում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եռակողմ հայտարարությունից մինչև Խաղաղության նախաստորագրում․ ի՞նչ փոխվեց հինգ տարումԲաքվում կրկին խոսում են Հայաստանի Սահմանադրության մասինԱդրբեջանցի փորձագետը Երևանում վերահաստատում է Բաքվի նախապայմանըԵս կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի. վարչապետԱրսեն Թորոսյան. Չորրորդ հանրապետության հաստատման վերջնակետը կլինի նոր Սահմանադրության ընդունումըԲաքուն վերստին հայտարարում է՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը